Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փաշինյանը խնդիրներ չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում, թեև Լավրովը դրանցից մեկը հնչեցրեց Ալմաթիում

Փաշինյանը խնդիրներ չի տեսնում  հայ-ռուսական հարաբերություններում, թեև Լավրովը դրանցից մեկը հնչեցրեց Ալմաթիում
29.06.2018 | 03:23

(Նախորդ մասը)

Հաշվի առնելով, որ վահաբականների և օտարերկրացի վարձկանների փրկության գործում գլխավոր դերը խաղում է ԱՄՆ-ը, որ ամերիկյան ինքնաթիռները չեն ստուգվում Ադրբեջանում, վերջապես, որ ԱՄՆ-ը երկու նավահանգիստ է ստացել Ղազախստանում, ահաբեկչության տարածման ապագա հավանական ալիքների աշխարհագրության խճանկարն ավելի քան պարզ է՝ և՛ Այսրկովկասն է, և՛ Ռուսաստանը: Ղազախստանի իշխանությունների շինծու զարմանքն ընդամենը կեղտոտ խաղ է: Նախագահ Նազարբաևը չի կարող չիմանալ, թե իսլամիստ բանդիտներին ԱՄՆ-ի ցույց տված օգնության մասին ինչ են խոսում Իրանում, Ռուսաստանում և նույնիսկ Չինաստանում: Այդ ամենն առավել զարմանալի է, քանի որ Ղազախստանն աջուձախ ներկայանում է որպես Ռուսաստանի և ԱՊՀ անդամ երկրների բարեկամ և դաշնակից, որը շահագրգռված է բարիդրացիությամբ և այլն, նաև ՀԱՊԿ դաշինքի անդամ է: Բայց եթե ամեն ինչ սահմանափակվեր մոլորակի միայն ասիական մասով, ապա իրադրությունը կլիներ քիչ թե շատ վերահսկելի: Ի դեպ, ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի պայմանավորվածություններից նրա հարևաններին սպառնացող հնարավոր վտանգների մասին «Ռեգնում» գործակալությունը գրել է դեռևս 2014 թ., բայց հիմա, երբ, ըստ Իրանի հատուկ ծառայությունների, ԱՄՆ-ն ԻՊ-ի և այլ ահաբեկչական կառույցների զինյալներ է տեղափոխում Աֆղանստան, ԱՄՆ-ի հետ Ղազախստանի, ինչպես նաև Ադրբեջանի (թեև Բաքուն ՀԱՊԿ-ի անդամ չէ, բայց դեռ ԱՊՀ-ի անդամ է) համաձայնագրերն առավել չարագուշակ են:


ԱՊՀ երկրների տարածքում Պենտագոնի «հովանու» տակ անցած բոլոր կենսաբանական լաբորատորիաների օգտագործումից բխող ահավոր սպառնալիքի մասին 2016 թ. գրել են և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում: 2017-ին այդ մասին գրել են նաև Արևելյան Եվրոպայում: Օրինակ, ահա թե «Պեչատ» հանդեսում ինչ է գրել սերբ լրագրող Զորան Միլոշևիչը. «Վերջին 12 տարում հետխորհրդային տարածքում և ոչ միայն այնտեղ հանրությանը խոր անհանգստություն են պատճառում այն լուրերը, որ ԱՄՆ-ը նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններում ընդլայնում է ռազմական կենսալաբորատորիաների ցանցը՝ այդպիսով շրջապատելով Ռուսաստանը:

Այդ լաբորատորիաներն աշխատում են գաղտնի աշխատակարգով և պարտավոր չեն ենթարկվելու բաց աշխատելու մասին պայմանագրերում նշված պահանջներին: Ամերիկյան այդպիսի լաբորատորիաներ կան Վրաստանում (մի քանի հատ, և մեկը փակվել է բնակչության համառ բողոքներից հետո), Ղազախստանում (1 հատ), Ադրբեջանում (2013-ից), Հայաստանում (2016-ից): Հետաքրքիր է, որ, սկսած 2014 թ. գունավոր հեղափոխությունից, ՈՒկրաինան դառնում է ամերիկյան ռազմական կենսալաբորատորիաների (ՌԿԼ) բազա, և նրա վրա է սևեռված հասարակության լարված ուշադրությունը, քանի որ այնտեղ անհավատալի համաճարակներ են լինում, որոնք լռության են մատնվում: 2014-2017 թթ. ՈՒկրաինայում կառուցվել է ամերիկյան 15 ՌԿԼ: Նրանց աշխատողները բացառապես ամերիկացի են, իսկ ֆինանսավորումը՝ ամբողջությամբ ԱՄՆ ՊՆ-ի բյուջեից: Տեղական իշխանությունները պարտավորվել են չմիջամտել նրանց աշխատանքին: Այդ ռազմական լաբորատորիաները, որտեղ հիմնականում զբաղվում են վիրուսների և մանրէների ուսումնասիրությամբ, գտնվում են Օդեսա, Վիննիցա, ՈՒժգորոդ, Լվով (3 հատ), Խարկով, Կիև (3), Խերսոն, Տեռնոպոլ քաղաքներում: Մի քանի այդպիսի լաբորատորիա կա Ղրիմի մերձակայքում և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում»:
Երևի ընթերցողները զարմանան, եթե ասենք, որ Պենտագոնի կենսալաբորատորիաների քանակով, ՈՒկրաինայից հետո, երկրորդ տեղում... Հայաստանն է, որը, եթե հավատանք Փաշինյանին, խնդիրներ չունի Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ընդ որում, Հայաստանը երկրորդ տեղում է անկախ այն բանից՝ կընդունե՞նք մենք, որ այնտեղ 3 կամ 6 լաբորատորիա կա: Բայց հարց է ծագում. ինչու՞ է Ռուսաստանն այդքան երկար լռել: Օրինակ, միայն 2016-2017-ին, այն էլ Կաբարդինա-Բալկարիայում անասունների վարակի և անկման կասկածելի դեպքերից հետո, Նալչիկի պատվիրակներն սկսեցին գալ մեկ Վրաստան, մեկ Հայաստան: «Մեր հատուկ ծառայությունները և գիտնականները մտահոգված են այդ լաբորատորիաների հայտնվելով. չեն բացառում, որ դա հետագայում կարող է ինչ-որ կերպ օգտագործվել մեր դեմ»,- «Կոմերսանտի» լրագրողներին ասաց Լավրովը: Երևանի հետ նույնիսկ քննարկվում է կենսաբանական հետազոտությունների ոլորտում համագործակցության հնարավորությունը, և այդ առթիվ առանձին փաստաթուղթ ստորագրելու մտադրություն կա: Լաբորատորիաները ֆինանսավորում է Պենտագոնի կենսաահաբեկչության սպառնալիքների նվազեցման գործակալությունը:

Այդ նախագծի քննադատները մատնանշում են նման լաբորատորիաների երկակի նշանակության հնարավորությունը, քանի որ նրանց ստեղծումը ֆինանսավորում են զինվորականները, իսկ գործունեության մասին տեղեկությունը գաղտնի է: Դրանք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով՝ մանրէաբանական զենք ստեղծելու և արտադրելու համար: ԱՄՆ-ը պնդում է, որ այդ լաբորատորիաների գործունեությունը բաց է լայն հանրության համար, և նրանց նպատակը լիովին քաղաքացիական բնույթ ունի: Բայց դա կեղծիք է: 2016-2017 թթ. բողոքներից հետո ամերիկացիներն իբր հրավիրեցին Հայաստանի հանրության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, բայց վարչական շենքից այն կողմ գնալ ոչ ոք նրանց թույլ չտվեց: ՈՒ թե ինչով են զբաղվում և ընդհանրապես ինչ են այդ լաբորատորիաները, որոնց հոգաբարձությունը հանձնված է Պենտագոնին, այդպես էլ մնում է հույժ գաղտնի:
Հավանաբար շատերն են հիշում, որ նախագահ Պուտինն ավելի վաղ նշել էր Պենտագոնի կողմից հետազոտությունների համար Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում մարդկային կենսանյութեր հավաքելու վտանգավոր բնույթը: Հետաքրքիրն այն է, որ Պենտագոնը հավաքում է բացառապես ռուսների և չինացիների մարդկային կենդանի հյուսվածքները, իսկ «Համատեղ մասնակցության կենսաբանական ծրագրի» բյուջեն 1,2 մլրդ դոլար է: ԱՄՆ-ի վիթխարի ծախսերը և գաղտնիության բարձր մակարդակը վկայում են կենսալաբորատորիաների առնվազն երկակի նշանակությունը: Ալմաթիի կենտրոնական լաբորատորիան ամերիկացիների վրա նստել է 130 մլն դոլար: Այդ գումարը բազմակի գերազանցում է քաղաքացիական նշանակությամբ համանման օբյեկտների արժեքը: Նույնիսկ խաղաղ ժամանակ, հաշվի առնելով բարձր սեյսմիկությունը, լաբորատորիան կարող է վտանգավոր լինել Ղազախստանի և ամբողջ Կենտրոնաասիական տարածաշրջանի համար: Նույնը առկա է սեյսմավտանգ և փոքր տարածքով Հայաստանում նման 3 կամ 6 լաբորատորիա տեղադրելու դեպքում: Չխոսելով ՈՒկրաինայում տեղի ունեցած, ինչպես գրել էր սերբ լրագրողը, «անհավատալի համաճարակների» մասին, անթույլատրելի է բացառել այն բանի հնարավորությունը, որ ամերիկացիները Հայաստանում (Ղազախստանում և այլն) իրենց լաբորատորիաների արտադրանքը փորձարկում են առաջին հերթին տեղական բնակչության և բուսական ու կենդանական աշխարհի վրա. հայտնի է, որ Ինդոնեզիայի իշխանություններն այդ պատճառով ամերիկացի ռազմական կենսաբաններին վռնդել են իրենց երկրից:


Ահա թե ինչ են գրել ԱՊՀ երկրների ԶԼՄ-ները 2016-ին. «Հայտնի է, որ ՌԿԼ-ներում հարյուրավոր միջադեպեր են եղել՝ կապված մարդկանց ու գյուղատնտեսության համար վտանգավոր վիրուսների և թունանյութերի հետ: ՈՒկրաինական Խարկովում Պենտագոնի կենսալաբորատորիայի հայտնվելուց հետո 2016 թ. հունվարին 2 օրում ուկրաինացի 20 զինծառայող մահացավ այն վիրուսից, որը նման էր A(H1N1) pdm 09 գրիպին: Վրաստանում 2014-ին 34 մարդ էր հիվանդացել կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդով (հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 1944 թ. Ղրիմի թերակղզում, ավելի ուշ, 1969-ին, Կոնգոյում), և 3 հոգի մահացել էր: Հիվանդության պատճառներն անհայտ են: Հարևան Աբխազիայում մի քանի անգամ Զիկա վիրուսի տարածիչ մոծակներ են հայտնվել: Եվրասիայի հյուսիսային կիսագնդում այդ միջոցները մինչ այդ երբևէ չեն հայտնվել (վիրուսը լաբորատոր էր): Հյուսիսային լայնությունների պայմանների նկատմամբ խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի ոչ տիպական կայունությունը ևս կարող էր ստեղծվել միայն լաբորատոր պայմաններում: Օրինակների ցանկը կարելի է շարունակել շատ երկար»: Կենսաբանության և գենետիկայի ժամանակակից նվաճումները թույլ են տալիս ստեղծել այնպիսի մանրէաբանական և գենային-կենսաբանական զենք, որը կայուն է հակաբիոտիկների և այլ դեղանյութերի նկատմամբ, ընդունակ է ոչնչացնելու հակառակորդի կենդանի ուժը՝ կախված նրա մաշկի գույնից և ռասայական այլ հատկանիշներից: Հնարավոր է, որ Պենտագոնում դրա համար են հետահայացաբար ուսումնասիրում բնական-օջախային հիվանդացումները ԱՊՀ երկրների տարածքներում:


Սույն հոդվածի հեղինակն Այսրկովկասում, այդ թվում՝ Հայաստանում, ամերիկյան ՌԿԼ-ների թեմայով առիթ է ունեցել խոսելու Երևանում Իրանի դեսպանության ներկայացուցիչների հետ: Կարող եմ հավատացնել ընթերցողներին և անձամբ վարչապետ Փաշինյանին. շուտով նա կլսի, որ եթե ոչ հայ-ռուսական, ապա հայ-իրանական հարաբերություններում կան խնդիրներ, և դրանցից մեկը հենց Պենտագոնի ՌԿԼ-ների գործելն է Հայաստանում, ըստ էության, Իրանի հետ սահմանի անմիջական մերձակայքում: Դժվար չէ ենթադրել, որ իրանական դիվանագիտությունը Հայաստանի իշխանությունից կպահանջի այդ ամերիկյան օբյեկտները մտնելու թույլտվություն: Նախազգուշացնում եմ Փաշինյանին և նրանց, ովքեր կանգնած են ԱՄՆ-ի Պենտագոնի հետ այդ գործարքի հետևում. տողացի ուշադիր կարդացեք ԻՀՊԿ-ի ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ալի Նասիրիի հունիսի 20-ի հայտարարությունը: «Թասնիմ Նյուզի» հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն միջոցներ է ձեռնարկում կենսաահաբեկիչների հարձակումներից իշխանություններին և բնակչությանը պաշտպանելու համար, քանի որ հենց ԻՀՊԿ-ն է պարտավոր պայքարելու ցանկացած սպառնալիքների դեմ, պատրաստելու միջոցներ և ուսումնական ծրագրեր, ներառյալ կենսաահաբեկչության դեմ պայքարի պլանները: Գեներալը նշել է, որ նրա գերատեսչությունն արդեն նախապատրաստել է անհրաժեշտ ուսումնական ծրագրերն ու սարքավորանքը, որի մեծ մասը հայրենական արտադրանք է: Հայաստանի իշխանությունների և Պենտագոնի համար դա առաջին տագնապալի ազդանշանն է: Ձեզնով զբաղվելու է բացառապես ԻՀՊԿ-ն:


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 6099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ